-Լևո′ն, թանկ իմ բալա, ամեն օր աղոթիր և սպասիր ինձ, ես անպայման հետ կգամ: Չես հասցնի կարոտել, ու ես կգամ: Ամեն օր կհաշվես, 100 օր հետո ես կգամ: Կարող ես չէ՞, կարող ես մինչև 100-ը հաշվել:
-Դու գիտես, որ կարող եմ…
Հնչեց ավտոմեքենայի ազդանշանը, ներսից մեկը կանչեց հորս.
-Ուշանում ենք Հակո′բ, արագացրու:
Հայրս պինդ գրկեց ինձ, համբուրեց.
-Հիշի′ր, մինչև 100-ը, -շշնջաց հայրս ու…գնաց:
Ես այդ ժամանակ փոքր էի, չէի հասկանում, թե ուր էր գնում հայրս, պարզապես կրկնում էի այն, ինչ լսում էի մորիցս.<<Ղարաբաղ` հայրենի հողը պաշտպանելու>>: չէի հասկանում,թե հողը ինչպե՞ս և ինչո՞ւ են պաշտպանում…
Հրաժեշտ տվեցի հորս ու մտա տուն, որտեղ մայրս լուռ արտասվում էր:
-Լևո′ն ջան, գնա Լուսիկենց խանութից մի շիշ նավթ բեր, որ իրիկունը լամպը վառենք, -արտասվախառն ձայնով ասաց մայրս, -կասես շատ չենք ուշացնի, ամսվա վերջին գումարը կտանք:
Վազեցի Լուսիկենց խանութ: Իմ խնդրանքին Լուսիկի ամուսինը հեգնանքով պատասխանեց.
-Քանի օր է հացն էլ եք առանց փողի տանում, ձեզ թվում է մենք բա՞նկ ենք թալանում: Արդեն գիտե՞ս ինչքան պարտք ունեք: Ինչքա՞ն կարելի է: Մորդ կասես, մինչև պարտքերը չտա, ոչ մի ապրանք էլ չեմ տա:
-Բայց մենք… ես… ես…
-Հեռացի′ր:
Քարացել էի տեղումս: Անշարժ կանգնած նայում էի դարակներից այն կողմ Լուսիկի տղային` Սամվելին,ով բացում էր մաստակները, թղթի վրայի գեղեցիկ մեքենայի նկարները ձեռքին կպցնում: Ինձ շատ էին դուր գալիս այդ ավտոմեքենաների նկարներները,բայց երբեք չեմ ունեցել այդ մաստակներից:
-Պապանձվեցի՞ր ա′յ տղա, ասացի չեմ տալիս, ի՞նչ ես կանգնել մնացել:
Մի կերպ ինձ հավաքեցի և կոկորդումս արցունքները խեղդելով, դուրս եկա խանութից
Մութն արդեն ընկնում էր: Հասա տուն, մայրիկիս պատմեցի ու սկսեցի լաց լինել: Մայրս գրկեց ինձ ու հույս տվեց.
-Մի′ նեղվիր, բալե′ս, ոչինչ, բոլորի մոտ էլ դժվար օրեր լինում են, մի′ մտածիր, ամեն ինչ կանցնի, երբ պատերազմն ավարտվի: Էսպես չի մնա, լավ օրեր կգան: Իսկ հիմա գնանք խոհանոց, սոված ես, այսօր դեռ ոչինչ չես կերել:
Ի՞նչ էինք ուտելու: Ես գիտեի, որ տանը ուտելու ոչինչ չկար: Մայրս առանց յուղի խավիծ էր պատրաստել: Լցրեց ափսեի մեջ մի քիչ իրեն, մնացածը` ինձ: Այնքան սոված էի, որ արագ-արագ կերա այդ <<համեղ>> խավիծը ու շտապեցի դասերս պատրաստելու: Չհասցրեցի 2-3 վարժություն կատարել, մութն ընկավ, ոչինչ չէր երևում: Ո′չ մոմ ունեինք, ո′չ էլ լամպի մեջ նավթ կար, ստիպված մտանք վերմակի տակ, կծկվեցինք, մինչև կտաքանայինք:
-Մեկ օրն անցավ, -շշնջացի ես ու պառկեցի:
Այդ օրը վառարանն էլ չէինք վառել, տանը շատ ցուրտ էր: Հայրիկիս վերջին հավաքած ցախերը նախորդ օրն էինք վառել: Իսկ փետրվար ամիսը նոր էր սկսվել: Վաղ առավոտյան արթնացա աղմուկի ձայնից: Հարևան Սոնիկի ձայնն էր, գոռգոռում էր մայրիկիս վրա.
-Ինչքա՞ն կարելի է խաբել, միշտ ասում ես ամսվա վերջ, արդեն 2 ամիս է գալիս-գնում եմ: Ալյուրը ուտել գիտեք, փողը տալ` ո՞չ: Այս ամիս էլ որ չտվեցիր, ոստիկանություն քարշ կտամ:
Էլ չհամբերեցի, տեղիցս վեր թռա ու հասա դռանը.
-Սոնիկ տոտա, մայրիկիս մի′ նեղացրու: Ի՞նչ անենք, որ մի քիչ ուշացրել ենք, երկրում պատերազմ է, հայրիկս մեր հողն պաշտպանում, քո հայրենիքը, որ դու գիշերը հանգիստ քնես: Անհոգ եղիր, հայրս կգա, այդ գումարը կտանք, հո չե՞նք ուրանում:
-Պա′հ, պա′հ, պա′հ, սրան մի տես,հայրենասեր է խաղում, հայրենիք, ի՞նչ հայրենիք, երբ սոված եք լուսացնում:
-Կարևորը, որ մարդ հոգով հարուստ լինի, - շպրտեցի ես ու ներս մտա:
Սոնիկը գնաց: Մայրս ներս մտավ ու զայրացած հայացքով նայեց ինձ, բայց ոչինչ չասաց: Ես հասկացա, որ նա ինձ նախատում էր Սոնիկին պատասխանելու համար:
-Մա′մ, ես այլևս դպրոց չեմ գնա: Զավենի հացի փռում բանվորի աշխատանքի տեղ կա, կգնամ, կաշխատեմ:
-Չէ′, Լևոն ջան, էդպիսի բան չանես, հայրդ որ իմանա, շատ կնեղվի: Նա ուզում է, որ դու սովորես ու լավ մարդ դառնաս: Ես մի ճար կգտնեմ, պարտքերը կփակեմ: Վեր կաց, արագացրու′, դասից ուշանում ես:
-Չէ′ մամ, ես դպրոց չեմ գնա: Գիտես, դասարանում 1 գիրք կա, էն էլ ներքին թաղի երեխաներն են սովորում դրանով: Ես հանրագիտարաններից եմ սովորում, տանը կսովորեմ: Համ էլ, այսօր դպրոց վառելիք տանելու իմ հերթն է, ի՞նչ եմ տանելու: Ավելի լավ է չգնամ:
Մորս արցունքները դուրս ցայտեցին աչքերից: Մոտեցավ ինձ,գրկեց ու անզուսպ հեկեկաց.
-Մի′ հուսալքվիր,Լևո′ն ջան,մեզանից վատ ապրողներ էլ կան:Ես գոնե Վաղոյենց լվացքն եմ անում,Գայանենց հացն եմ թխում,մարդ կա էդ աշխատանքն էլ չունի:Հեսա,շուտով պատերազմը կավարտվի,հայրդ հետ կգա ու մենք առաջվա նման անհոգ կապրենք:
Անհոգ օրեր…5-6տարեկան էի,երբ անհոգ ապրում էինք:Հիշում եմ միայն,որ մեր ամբարներոը լիքն էին ցորենով,գոմում անասուններն էին կապած,տանը խինդ ու ծիծաղն անպակաս էին:Մանկական չարաճճիություններիս էլ բոլորը հրճվանքով էին նայում: Դրանից հետո մանկությունս ավարտվեց: Իսկ այսօր, երբ ընդամենը ինը տարեկան եմ, ճաշակել եմ կյանքի շատ դառնություններ, մտածում եմ մեծի պես , հոգսեր ունեմ, խնդիրներ: Մտածում եմ , թե ե˚րբ պետք է այդ անիծյալ պատերազմը վերջանա կամ ինչու˚իմ հայրը հայրենի հողը պաշտպանելու է գնացել, իսկ Սամվելի հայրը իրենց խանութում նստած ապրանք է վաճառում: Ինչի˚ց է, որ երբ լույս չի լինում,նրանք մոմ ու լամպ ունեն բոլոր սենյակներում,իսկ մենք մթության մեջ ենք մնում:
-Հիմա բոլորն էլ խնդիրներ ունեն,-բացատրում էր մայրս,-վառելիք չկա,լույս չկա,բոլորի վիճակն էլ նույնն է,դու դեռ փոքր ես,Լևո′ն ջան,կմեծանաս,կհասցնես լավ օրեր տեսնել:Երկրի վիճակն էլ կլավանա,մի′ մտածիր,էսպես չի մնա:
ՈՒ ամեն իրիկուն գլուխս մորս ծնկներին դրած` մթության մեջ,կիսաքաղց օրերն էի հաշվում ու սպասում հորս վերադարձին:
Անցան օրեր,շաբաթներ,ամիսներ:Օրերն արդեն տաքացել էին:Շաբաթ առավոտ էր:99-րդ օրն էի հաշվում:Դուրս եկա փողոց ու քայլերս ուղղեցի դեպի ակումբի հետնամասում գտնվող աղբանոցը:Մի քանի օր էր,ինչ աղբամաններից շիշ էի հավաքում,խանութում փոխանակում շաքարավազի կամ մակարոնի հետ:
Ակումբը մարդաշատ էր.նոր ֆիլմ էին ցուցադրելու:
Ես շատ էի սիրում ֆիլմեր դիտել,բայց ոչ մի անգամ չէի կարողանում տոմս գնել ու դիտել իմ սիրած ֆիլմերը:Սակայն երբեմն դռների արանքից կարողանում էի դիտել մի քանի դրվագ,իսկ երբ հսկիչը երևում էր,ծլկում էի:
Ահա և հերթական օրն էր:Մոտեցա հավաքվածներին:Նրանց մեջ էին մեր թաղի Նարեկը,Արամը և Արսենը:Նրանց միշտ առանց տոմսի էին ներս թողնում,ես դա գիտեի.նրանք զոհված ազատամարտիկների որդիներ էին:Երբ բոլորը ներս մտան,հսկիչը մոտեցավ մեզ և ասաց.
-Նարե′կ,Արա′մ,Արսե′ն,ներս եկեք:
Ես թեքվեցի,որ հետ դառնայի,հսկիչը դարձավ ինձ.
-Դու ո˚ւմ տղան ես:
-Հակոբի,-խրոխտ ձայնով պատասխանեցի ես,-վերին թաղի Հակոբի:
Հսկիչը կարծես զգաստացավ,մի պահ լռեց,ապա մոտեցավ ինձ,շոյեց գլուխս ու մեղմ ձայնով հարցրեց.
-Ուզո˚ւմ ես այսօրվա ֆիլմը դիտել:
-Ուզում եմ,բայց ո′չ տոմս ունեմ,ո′չ էլ փող:
Հսկիչը մի պահ լռեց ,ճակատը տրորեց ու ասաց.
-Ոչինչ,տղա′ս,ներս գնանք,շատ լավ ֆիլմ է…այսօրվանից դու էլ անվճար ֆիլմեր դիտելու իրավունք ունես:
Այնքան էի ուրախացել,որ վերջապես ես էլ կարող էի սրահում նստած սկզբից մինչև վերջ դիտել ֆիլմը…
Ֆիլմը վերջացավ:Ուրախ ու գոհ դուրս եկա ակումբից:Ամբողջ ճանապարհին մտածում էի կատարվածի մասին.այսօրվանի˚ց,ինչո˚ւ…
Արդեն տուն էի հասնում,երբ ինձ ընդառաջ եկավ մեր հարևան Սոնիկը:Փարվեց ինձ ու լաց լինելով ներս տարավ:Մեր տանը շատ մարդիկ կային,ի˚նչ էր կատարվում,ովքե˚ր էին հավաքվածները,ո˚ւր էր մայրս…
Այս ամենի պատասխանը ես ստացա հաջորդ` հարյուրերորդ օրը,երբ հայրս պետք է գար,բայց…բերեցին…
Ու ես ամեն ինչ հասկացա.հասկացա,որ շատ վատ բան է,երբ քեզ առանց տոմսի ներս են թողնում,հասկացա,որ շատ վատ բան է պատերազմը,հասկացա,որ ես էլ արդեն զոհված ազատամարտիկի որդի էի, հասկացա միայն մանկությունից հարյուր օր անց…
Դրանից հետո ոչ մի անգամ ակումբ չգնացի,ատում էի ակումբն ու ֆիլմերը,ատում էի հսկիչի`ականջումս անընդհատ հնչող ձայնը.<<Զոհվածների երեխաները առանց տոմսի նե′րս մտնեն>>:
Տարիներ են անցել:Պատերազմն ավարտվել է:Հայոց երկրում խաղաղություն է:Շատ են փոխվել ժամանակները:Այժմ դպրոցներում յուրաքանչյուր աշակերտ իր գիրքն ունի,ստիպված չեն 15-20աշակերտ սովորել 1-2գրքով կամ լամպի լույսի տակ դաս սովորել…
Այսօր ես արդեն Հայոց բանակի զինվոր եմ, պարտքս եմ տալիս հայրենիքիս:
Լու′յս իջնի շիրմիդ,հա′յր իմ,քո անունը ոսկե տառերով է գրված Հայոց պատմության էջերում:Ես հպարտ եմ,որ քո որդին եմ… |